ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (ԱՀ կառավարության 2020թ. մայիսի 18-ի N 372-Ա որոշում)

Հարգելի՛ հարկ վճարողներ, ԱՀ կառավարության 2020թ. մայիսի 18-ի N 372-Ա որոշման համաձայն՝ աջակցության ենթակա ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝

  1. հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
  2. հանրային սննդի ծառայություններ.
  3. զբոսաշրջային ծառայություններ.
  4. վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ.
  5. մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում` առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն.
  6. ուղևորափոխադրման գործունեություն.
  7. մասնավոր մանկապարտեզների և ստեղծագործական ու զարգացման կենտրոնների գործունեություն.
  8. սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
  9. զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն:

Աջակցության ենթակա ոլորտներ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է (անկախ չափից և համամասնությունից) նաև`

  1. սննդամթերք,
  2. ծխախոտ,
  3. դեղորայք,
  4. ալկոհոլային խմիչքներ,
  5. օճառ, մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցներ,
  6. ավտոմեքենաների համար բենզին, դիզելային վառելիք, հեղուկ գազ, սեղմված բնական գազ, քսանյութ և պաղեցնող նյութեր,
  7. փայտանյութեր,
  8. սերմեր, թունաքիմիկատներ և պարարտանյութեր,
  9. շինանյութեր և սանտեխնիկական սարքավորանքներ,
  10. պահեստամասեր,
  11. զենք և զինամթերք:

1. Միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցառում

  • թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն.
  • շահառու՝ 1-ից 25 (ներառյալ) աշխատակից ունեցող տնտեսավարող.
  • օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով.
  • հիմնական պայմաններ՝
    • 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 1-ից մինչև 25 (ներառյալ) վարձու աշխատող.
    • մարտ ամսվա վարձու աշխատողների թիվը և վերջիններիս գծով հաշվարկված աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների մեծությունը կազմում է հունվար և փետրվար ամիսների (ըստ ամիսների) աշխատողների թվի և հաշվարկված աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների մեծության առնվազն 80 տոկոսը.
    • մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են աջակցության ենթակա ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ) գործունեություն ծավալող տնտեսավարողներին աջակցություն տրամադրվում է, եթե աջակցության ենթակա ոլորտներում 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը գործունեության տեսակարար կշիռը կազմում է տնտեսավարողի ընդհանուր գործունեության առնվազն 40 տոկոսը.
  • հարկային մարմին դիմելու վերջնաժամկետը` մինչև 2020 թվականի հունիսի 15-ը (ներառյալ):
  • դրամաշնորհի ստացման եղանակը` փոխանցվում է շահառուի հաշվարկային հաշվին, իսկ առևտրային բանկում շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում՝ շահառուի նշած առևտրային բանկ:
  • ուշադրություն.
    • եթե նշվում է բանկային հաշվեհամարը, ապա այն պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին.
    • դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ.
    • պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:

Անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը լրացնելիս ևս մեկ անգամ ստուգել դրանց ճշտությունը:

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում են սույն միջոցառման շրջանակներում դրամաշնորհ ստացած տնտեսավարողների տվյալները:

Սույն միջոցառման շահառու չեն կարող համարվել պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, հասարակական միավորումները, ոչ առևտրային կոոպերատիվները:

2. Միանվագ դրամական աջակցության տրամադրման միջոցառում

  • թիրախը՝ փոքր ձեռնարկատիրության գործունեության շարունակականության ապահովում.
  • շահառու՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն ընկած ամբողջ ժամանակահատվածում վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք:
  • օժանդակության ձևը՝
    1. անհատ ձեռնարկատիրոջ (բացառությամբ արտոնագրային վճար վճարող հանդիսացող) դեպքում՝ 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով և ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը.
    2. արտոնագրային վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով:
  • հիմնական պայմաններ՝
    • 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն ընկած ամբողջ ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը չի ունեցել վարձու աշխատող.
    • մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են աջակցության ենթակա ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ) գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերին աջակցություն տրամադրվում է, եթե 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների իրացման շրջանառության մեջ աջակցության ենթակա ոլորտներում գործունեության (իրացման շրջանառության) տեսակարար կշիռը կազմում է առնվազն 40 տոկոսը.
    • անհատ ձեռնարկատերը (բացառությամբ արտոնագրային վճար վճարող) 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցել է իրացման շրջանառություն և 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ գործունեությունը դադարեցված չէ.
    • 2020 թվականի 1-ին եռամսյակում համարվել է արտոնագրային վճար վճարող:
  • հարկային մարմին դիմելու վերջնաժամկետը` մինչև 2020 թվականի հունիսի 15-ը (ներառյալ):
  • աջակցության ստացման եղանակը` փոխանցվում է շահառուի բանկային հաշվին, իսկ բանկային հաշվի բացակայության դեպքում՝ շահառուի նշած առևտրային բանկ:
  • ուշադրություն.
    • եթե նշվում է բանկային հաշվեհամարը, ապա այն պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին.
    • դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ.
    • պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:

Անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը լրացնելիս ևս մեկ անգամ ստուգել դրանց ճշտությունը:

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում են սույն միջոցառման շրջանակներում դրամաշնորհ ստացած տնտեսավարողների տվյալները: